ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է

Մեղքը հոգու հիվանդությունն է,  և հիվանդությունը մարմնի մեղքն է
18.03.2014 | 11:12

ՊԱՀՔԻ ՆՊԱՏԱԿԸ


Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության կրոնական արժեքը, նաև իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար նախ նշենք, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի, թե՛ մեթոդի տեսանկյունից: Կարծում եմ, բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է:
Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանիզմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և այլն: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության հետևանք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: ՈՒտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, մեր կամքի և բանականության ուժով կառավարվելու փոխարեն, դառնում է ցանկությունների խաղալիք:
Որկրամոլությունը, որն ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլև պատճառ կյանքի այլասերման: Հեշտախտը և այլ սեռային ստահակությունները, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություն են, հայտնի է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում:
Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել: ՈՒստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների անչափավորության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5.17):
Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք: Ապաշխարանքի էությունը մեղքի պատճառով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն են այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից և ուժերից մեզ պարպող միակ ազդակը: Արդ, մեղքի պատճառով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու և մեղքի ավերների առաջն առնելու արարք է:
Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն` եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն. օրինակ` քաղցկեղը, թոքախտը, սրտի և այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները: «Մահացու» կոչված մեղքեր էլ կան. օրինակ` ամբարտավանությունը, չար նախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը և սրանց տարատեսակները:
Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մեռցնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը և, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու պատկերը: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց:
Արդարև, այս երկոտանի, ուղղաբերձ «մերկ կապկին» մարդ դարձնողը, այսինքն` կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերություններն են, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու և Նրան դիմելու կարողությունը:
Այս և մարդկային ուրիշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե դրանց առաջը չառնվի: Եվ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաև մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն:
Պետք է անդրադառնալ նաև, որ ֆիզիկական հիվանդությունների պարագայում սնուցակարգը կամ դիետան չեն, որ ախտերը բուժում են: Բուժողը մարմնի բնական ուժերն են, արյունը, ավիշը և նրանցում պարունակվող կենսական տարրերը: Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի այդ ուժերի գործը` արգելք հանդիսանալ հիվանդության ավելի խորանալուն: Նույնը կրոնական պահեցողության պարագայում է: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը:
Սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քավչարար այս գործունեության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստծո քավիչ զորությունն է գործում: Սբ. Օգոստինոս Ափրիկեցին ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»:
Արդարև, անկեղծ և առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը` վերատիրանալու այն բարոյական կորուստներին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով: Վերաշահում է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով:
Կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք դիտարկում են որպես պահքի նպատակ: Ցորենի հետ անպատճառ նաև հարդ է արտադրվում, որը դեն նետվելիք բան չէ, այլ անասուններին իբրև կեր է ծառայում: Բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար: Ծիրանի հետ կա նաև նրա կորիզը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկական օգտակարությունը` հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավելի են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութեր ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում` իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը: Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն: Սակայն երբ պահեցողությունը նիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որքան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց:


ՄԵՐ ՆԵՐԿԱ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայիս մեր սովորական պահեցողությունը մսից և կենդանական արտադրություններից պարզապես հրաժարվելն է:
Ընդունելի է, որ սա էլ ոմանց համար կարևոր մի զրկանք է, հետևաբար, ապաշխարանք է, սակայն, մյուս կողմից, քանի որ մարդն արտոնված է որևէ ժամանակ և ցանկացած քանակությամբ, բացի վերոհիշյալներից, գրեթե ամեն բան ուտելու, պահքը կորցնում է իր ազդեցությունը: Երբ գինին էլ է արտոնվում` կենդանական արտադրություն չլինելու պատճառով, պահեցողությունը գրեթե շեղվում է իր նպատակից: Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով, բառի կրոնական իմաստով, պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: Արդ, պահքի ոգուն և տառին հակառակ է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ ուտելը` ճոխացրած «պահոց» կոչվող անուշեղեններով ու համադամներով, այլ.
1. Օրական մեկ անգամ միայն ուտելով` վերակենդանացնել հնագույն սովորությունը, առանց նկատի առնելու կերակրի տեսակը և առանց ճաշը համադամներով չափազանցելու: Այս կերպը զորավոր մի զրկանք է շատերի համար, ովքեր վարժված են, օրական երեք անգամից բացի, ուտելու նաև ցանկացած ժամանակ:
2. Նրանք, ովքեր ֆիզիկական լուրջ պատճառներով և իրենց գործի բերումով չեն կարող գործադրության դնել 24 ժամվա մեջ մեկ անգամ միայն ուտելու հնագույն կանոնը, կարող են երկու կամ առավելը երեք անգամ ուտել` հրաժարվելով հատկապես այնպիսի ուտելիքներից, որոնք չափազանց սիրում են: Հրաժարվել մասնավորաբար շաքարեղենից, շոկոլադից և քիմքը գրգռող անուշեղեններից:
3. Պահքի շրջանում իսպառ հրաժարվել ոգելից ըմպելիքների և անուշեղենի գործածությունից` մյուս կերակուրներից ցանկացած ժամանակ չափավոր ուտելով հանդերձ:
Որևէ ձևով պահեցողություն անելու ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել կինո և թատրոն հաճախելուց: Հրաժարվել պարահանդեսներից: Հրաժարվել ամեն տեսակի հաճույքի վայրերից: Հրաժարվել հեռուստացույցով ժամանցի համար պատրաստված հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց: Նրանց, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, հանձնարարվում են հետևյալ բարոյական պահեցողությունները. հրաժարվել մոլի սովորություններից: Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի նրանցից ազատվելու ճիգ անելը յուրաքանչյուր մարդու պարտքն է: Մոլությունները, բացի մեր քսակը վնասելուց, խանգարում են նաև մեր հոգու և մտքի հավասարակշռությանը: Ծնողների մոլությունները խորտակում են անմեղ և խոստումնալից զավակների ապագան: Կործանում են անթիվ ընտանիքներ: Ծանր մոլություններով վարակվածները` թմրեցուցիչներին և անբնական սեռական ախորժակներին գերի դարձածները, դժբախտաբար, արդեն իսկ պահեցողության մասին մտածելու ի վիճակի չեն։
Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակներից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն` պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը ժամանակի մեջ սիրո մեր պարտականությունն է և ոչ ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին ծառայել, կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակների, օգնել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը և քմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:
Եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին ծառայելով մեր բաժինը բերել այնտեղ, ուր դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած հոգիներին:
Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձրացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը:
Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրական միջոցներում` մյուսներին տեղ զիջելու բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուրին։ Եթե այս ամենն առանց հավակնության կատարենք՝ ավելի կծառայենք պահեցողության ոգուն և նպատակին, ինչպես և քրիստոնեության հիմնական պահանջներին:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, որում Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար:
Աստված պատասխանում է.
«Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:
Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը: -Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները:
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»: Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրաբեր պարտեզ, որից ջուրը չի պակասի» (Հմմտ. Եսայի 58. 3-11)։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ